Hetq.am Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի պարզվածքն արդեն 5 օր է՝ թափվում է Նորաշենիկ գետը: Այս մասին Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանին ահազանգել էին Նորաշենիկ գյուղի բնակիչները: Բնապահպանը տեսագրել է գետի վիճակը սեպտեմբերի 20-ին և 24-ին ու արձանագրել, որ սեպտեմբերի 24-ին պոչանքներն ավելի առատ էին, քան դրան նախորդած 5 օրերին:

«Տեսանյութում ակնհայտ երևում է, որ լուրջ բնապահպանական վնաս է հասցվում շրջակա միջավայրին: Նորաշենիկ գետով են ոռոգվում տարածաշրջանի հարակից գյուղական համայնքները՝ Սյունիք գյուղական համայնքը, Նորաշենիկ գյուղական համայնքը, հավանաբար, գետից օգտվում է նաև Աճանան գյուղը, և այդ գյուղերի մթերքից չի բացառվում, որ օգտվում են կապանցիները: Խնդիրն այն է, որ մենք բարձրացնում ենք խնդիրը, բայց, կարծես, սայլը տեղից չի շարժվում»,- ասում է Ա. Փարսադանյանը:

Բնապահպանը նշում է նաև, որ իրենք գետի վիճակի մասին տեղեկացրել են ԲՆ բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի պետին և տեսուչին, ինչպես նաև ԶՊՄԿ-ին: Տեսուչը Ա. Փարսադանյանի հետ բանավոր զրույցում ասել է, որ իսկապես, թույլատրելի սահմանային կոնցենատրացիան գերազանցվել է, ինչը գանձվելու է բնապահպանական վճարներով:

«Ես միանշանակ համաձայն չեմ այդ կետին, քանի որ անալիզներ պետք է վերցնել, չափել, թե քանի՞ անգամ է գերազանցում թույլատրելի սահմանային կոնցենտրացիան, բացի դրանից՝ պետք է հաշվարկներ կատարվեն, թե ինչ ծավալով արտահոսք է եղել, որպեսզի հաշվարկվի բնապահպանական վճարը, եթե անգամ իրենց ասածը ճիշտ լինի»,- նշում է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահը՝ ավելացնելով, որ գետի մոտ չես կարող նույնիսկ 5 րոպե կանգնել, որովհետև պոչանքների հոտից գլխացավ և շնչահեղձություն է առաջանում: «Եթե մենք լռենք, հարցը հենց այդպես էլ կփակեն, կարծես թե, բնականոն գործունեություն լինի»,- նկատում է Ա. Փարսադանյանը՝ հիշեցնելով, որ 1 տարի առաջ ԶՊՄԿ-ի վթարի հետևանքով Ողջի գետով 12 ժամից ավելի պոչանքներ էին հոսում և նույն բնապահպական տեսչությունը շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատեց 300 թե 400.000 դրամ: «Սա ուղղակի խայտառակություն է»,- ընդգծում է բնապահպանը:

Բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի պետ Լևոն Պետրոսյանն էլ «Հետքին» հայտնեց, որ իրենք ուսումնասիրել են դեպքը, ցուցանմուշներ են վերցրել, և կատարվում է հոսքաջրերի քիմիական վերլուծություն: Նրա խոսքով՝ արդյունքները կհրապարակեն մի քանի օրից: Հարցին, թե հնարավոր է, որ դեպքի նույն արձագանքը լինի, ինչպես 1 տարի առաջ Ողջի գետի աղտոտման պարագայում, Լ. Պետրոսյանը պատասխանեց. «Օրենքով սահմանված կարգով մենք մեր աշխատանքները կատարելու ենք»:

Ա. Փարսադանյանը պոչանքների արտահոսքի մասին տեղեկացրել է նաև ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի պետին, ով նախ ասել է, որ ինքը «հեսա կզանգի, էդ ստորաբաժանումների պատասխանատու հետ կխոսի», ապա խոստացել է ավելի ուշ զանգել՝ պատասխանը ներկայացնելու համար, սակայն այդպես էլ չի զանգել:

«Ամենամտահոգիչ խնդիրն այն է, որ ընկերության տնօրինությունը բացարձակ ուշադրություն չի դարձնում բնապահպանական խնդիրներին: Սա արհամարհանք է յուրաքանչյուր կապանցու նկատմամբ, չէ՞ որ, չի բացառվում, որ հենց այսօրվա մթերքն օգտագործում ենք տվյալ համայնքներից»,- նշում է Արմեն Փարսադանյանը: