Երկրորդ աշխարհամարտի ամենագաղտնի դրվագներից մեկն Ադոլֆ Հիտլերի օգնական Ռուդոլֆ Հեսի՝ 1941թ. Մեծ Բրիտանիա կատարած տարօրինակ այցն է, որը 70 տարուց ավելի պատված է եղել մշուշով, գրում է The Telegraph-ը։

Սակայն պատմաբան Պիտեր Փեթֆիլդն իր նոր գրքում պնդում է, որ վերջապես լուծել է առեղծվածային այցի գլուխկոտրուկը։

Ըստ Փեթֆիլդի վարկածի՝ Հեսն իր հետ բերել է խաղաղության մի համաձայնագիր, որում նացիստները համաձայնել են դուրս գալ Արևմտյան Եվրոպայից, ինչի փոխարեն Բրիտանիան պետք է չեզոք դիրք գրավեր ու թույլ տար, որպեսզի նացիստական Գերմանիան անարգել հարձակվի ԽՍՀՄ-ի վրա։

Փաստաթղթի գոյության մասին պատմաբանն իմացել է անանուն մի աղբյուրից, ում պատմելով՝ ինքն ու գերմանախոս մի քանի այլ մարդ կանչվել են MI6-ի գաղտնի ծառայության կողմից՝ այն ժամանակվա վարչապետ Ուինսթոն Չերչիլի համար համաձայնագրի տեքստը թարգմանելու նպատակով։

Փաստաթղթի առաջին 2 էջում ներկայացվում է, թե Հիտլերը կոնկրետ ինչ նպատակներ ունի Ռուսաստանի վերաբերյալ, ինչպես Մեծ Բրիտանիան կարող է պահպանել իր անկախությունն ու կայսրությունը և թե ինչպես են նացիստական զորքերը դուրս գալու Արևմտյան Եվրոպայից։

«Փաստորեն Հիտլերը պատրաստ էր «հանուն» ԽՍՀՄ-ի հրաժարվել Արևմտյան Եվրոպայից։ Ի դեպ, փաստաթղթում անգամ նշվում է հստակ ժամկետ Ռուսաստանի վրա նացիստների հարձակման վերաբերյալ»,-նշել է պատմաբանը։

Փեթֆիլդը գտնում է, որ համաձայնագիրը չի ընդունվել Չերչիլի կողմից, քանի որ դա վերջ կդներ վարչապետի՝ ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներգրավելու ջանքերին, կքանդեր նրա կոալիցիան արևմտաեվրոպական պետությունների հետ, կթուլացներ հայրենիքում Չերչիլի դիրքերը։

«Դա բեկումնային պահ էր պատերազմի համար. Չերչիլը կարող էր ընդունել Հիտլերի առաջարկը, սակայն նա դրա փոխարեն բարոյական ընտրություն կատարեց։ Նա հստակ գիտակցում էր, որ Հիտլերին վստահել չի կարելի և որ վերջինս այդքանով չէր բավարարվելու։ Չերչիլի միակ նպատակն էր պարտության մատնել Հիտլերին՝ պատերազմի մեջ ԱՄՆ-ին ներգրավելով»,-եզրափակում է պատմաբանը։