Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ Սերժ Սարգսյանին հարց է տվել, որը խանդավառել է հանրությանը: Շատերը հիացած են երիտասարդ կնոջ համարձակությամբ, ով համարձակվել է այդքան բարձր ամբիոնից հայտարարել այն մասին, ինչի մասին փսփսում են բակերում՝ Սերժ Սարգսյանը խաղատանը 70 միլիոն եվրո է պարտվել:
Զարուհու կուսակցական գործընկերները չեն հաստատում, որ հարցը նախօրոք իրենց հետ համաձայնեցվել է, եւ ավելի շուտ դա Զարուհու նախաձեռնությունն էր, ով, ի դեպ, վերջերս տհաճ միջադեպի մեջ էր հայտնվել:
Իրանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա պատգամավորի ավտոմեքենան կանգնեցրել են ռուս սահմանապահները, ովքեր հսկում են Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները: Նույնիսկ այն բանից հետո, երբ պատգամավորը ներկայացել էր, սահմանապահներն անհրաժեշտ բացատրություններ չէին տվել: Հետո սահմանապահ զորքերի ղեկավարությունը տարածել էր հայտարարություն՝ անհարգալից արտահայտվելով Փոստանջյանի նկատմամբ եւ նրան «արեւմտամետ» անվանելով:
Զարուհի Փոստանջյանը, թերեւս, պետք է հենց այս հարցերը բարձրացներ ԵԽԽՎ-ում՝ ի՞նչ գործ ունեն Ռուսաստանի ԱԴԾ համազգեստով սահմանապահներն ինքնիշխան Հայաստանում, ի՞նչ իրավունքով են կանգնեցնում պատգամավորին իրենց ծառայության տեղից 30 կմ հեռավորության վրա, ինչու՞ Հայաստանի իշխանություններն այս հարցով բողոքի նոտա չեն հղել: Ընդհանրապես, ո՞վ են սահմանապահները, որ դեռ որոշում են՝ ով է արեւմտամետ, ով ոչ:
Սա առանցքային հարց է, որից էլ կարող են ածանցվել մնացած հարցերը: Հայաստանն ինքնիշխան պետություն չէ, քանի դեռ նրա անվտանգությամբ եւ պաշտպանությամբ այլ պետություն է զբաղվում, որը չի թաքցնում գաղութատիրական հավակնությունները: Սակայն Ժառանգության եւ այլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները ձգտում են չանդրադառնալ այս առանցքային հարցին: Եւ եթե նրանք համաձայն են այդ իրավիճակին, մյուս հարցերում քննադատությունը դառնում է ինչ որ իմաստով ձեւական:
Զարուհի Փոստանջյանը կարող էր Սերժ Սարգսյանին նաեւ հարցնել, թե ինչու սեպտեմբերի 3-ին Մոսկվա այցից առաջ չի խորհրդակցել հանրության կամ գոնե քաղաքական ուժերի հետ: Ինչու՞ է միանձնյա որոշում ընդունել երկրի քաղաքական կողմնորոշման մասին: Ի՞նչն է ստիպել Սերժ Սարգսյանին նման որոշման գնալ՝ իշխանափոխության սպառնալի՞քը, թե՞ Ղարաբաղը:
Սակայն նման հիմնարար հարցերը Հայաստանում քչերին են հետաքրքրում միգուցե այն պատճառով, որ Հայաստանում չկան քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժեր, որոնք կկարողանային այլ որոշում կայացնել եւ բաց հայտարարել սեփական դիրքորոշման մասին՝ «բարկացնելով Պուտինին»: Դեռ Հրանտ Բագրատյանն էր ասում, որ Սերժ Սարգսյանը չպետք է խաղեր տար Եվրոպայի հետ եւ բարկացներ Պուտինին: