Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պաշտպանության պետական հանձնաժողովը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ անցկացվող համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզու մոտակայքում: Այս մասին նշված է այսօր ԿԺԴՀ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ը պարտավոր է հաշվետու լինել ինքն իրեն, որ մենք կարող ենք նրանց սադրիչ գործողություններին համապատասխան հարվածներ հասցնել, ինչն էլ իր հերթին, կարող է հանգեցնել արդարության համար մղվող համընդհանուր պատերազմի»,-նշվում է հայտարարության մեջ:
Հանձնաժողովը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել թշնամական քաղաքականությունից, եթե Վաշինգտոնը ցանկանում է Կորեական թերակղզում և իրենց տարածքում խաղաղություն տեսնել: Նշենք, որ հինգշաբթի օրը ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ռազմածովային ուժերը Կորեական թերակղզու առափնյա շրջաններում համատեղ զորավարժություններ են սկսել: