Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հատկանշական գրառում է արել: Նա բացել է Հայաստանի ներքաղաքական ինտրիգների մի շարք մանրամասներ եւ մատնանշել 2018 թ. նախագահի գլխավոր թեկնածուին:

 

Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, նման մտադրություն ունի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Հովհաննիսյանը հայտնել է եւս մեկ հետաքրքիր մանրամասն՝ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է Ռոբերտ Քոչարյանից պոկել իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին, որին օգտագործում է որպես բութ գործիք իր գործերի համար:
Հովիկ Աբրահամյանն ինքը մի քանի անգամ հերքել է, որ մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու, հայտարարելով, որ այս մասին շշուկներ են տարածում չուզողները, եւ գիտե, թե ովքեր են նրանք: Սակայն Հմայակ Հովհաննիսյանը, ով 2012-ի խորհրդարանի ընտրության շեմին փորձում էր իրար կապել Ռոբերտ Քոչարյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերը, այլ կարծիքի է:

 

Հանրությանը, խոշոր հաշվով, միեւնույն է նախագահի պաշտոնի համար մանր իրարանցումը, որը տեղի է ունենում տարբեր կլանների միջեւ եւ ուղեկցվում կեղտոտ ակցիաներով: Այս հարցը հանրությանը կարող է հետաքրքրել միայն այն դեպքում, եթե հավանական թեկնածուների շարքում հայտնվի մեկը, ով ընդունակ կլինի երկիրը դուրս բերել «երեք նախագահների» քրեա-օլիգարխիկ ու կլանային արատավոր սխեմաներից:

 

Ներկայում Հայաստանում նկատվում է քաղաքական ստագնացիա՝ քաղաքական ավանդական կենտրոնները, որոնք հիմնականում կենտրոնացած են երեք նախագահների շուրջ, հայտնվել են շփոթվածության մեջ: Խնդիրների մեծ մասի վերաբերյալ նրանք ունեն ընդհանուր մոտեցումներ, նույնիսկ ընդհանուր հովանավորներ, եւ միակ կոնֆլիկտը հանգում է նախագահի անձին: Եւ ներկայում կլանների շրջանում տեղի է ունենում նոր անձի փնտրտուք:
Հնարավոր է, թեկնածու են որոնում նաեւ արտերկրում: Արտաքին շահագրգիռ կողմերը հասկացել են, որ թերացել են Հայաստանում գործընկերներ ընտրելու հարցում: Ասենք, Արեւմուտքը Հայաստանում ընտրություն էլ չուներ, քանի որ այստեղ վաղուց ամեն ինչ Ռուսաստանի ձեռքում է: Դրանից ելնելով, որոշվել էր խաղադրույք անել նրանց վրա, ովքեր ունեին իրական իշխանություն: Սակայն խաղադրույքն անհաջող էր, եւ պարզ է դարձել, որ պետք են ուժեր, որոնք դուրս են պրոռուսական «եռանկյունուց»:

 

Իսկ ներսում որոշ ուժեր հնարավոր է խաղադրույք կատարեն Հովիկ Աբրահամյանի վրա: Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես յուրօրինակ ֆիգուր է հայկական քաղաքականության մեջ: Թեեւ, նրա խոսքով, քաղաքականության մեջ մեծ խելք պետք չէ, նա կարողացել է իր վրա «կապել» երկրի հիմնական խաղացողների շահերը:
Միակը, ինչը նրան չի հաջողվել՝ տեսնել ու հասկանալ, որ նույն այդ խաղացողները դառնում են ոչ ակտուալ թե երկրի ներսում, թե արտերկրում: Բացի այդ, Հայաստանը մեկուսացած չէ, եւ թեեւ հայկական բոլոր ընտրություններում արտաքին գործոնն իր դերն է խաղացել, հաջորդ ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի համար արտաքին քաղաքական պայքարի քվիթէսենցիա:

 

Հովիկ Աբրահամյանը միայն մեկ շանս ունի՝ եթե Հայաստանը վերջնականապես մեկուսանա արտաքին աշխարհից ու վերածվի փակ ցեղապետության, եւ շարունակվի հանրային-պետական ինստիտուտների դեգրադացման ներկայիս գործընթացը: Հովիկ Աբրահամյանն իր գլխապտույտ կարիերայով ու հավակնություններով Հայկական պետության դեգրադացիայի կենդանի խորհրդանիշն է ու մասնակիցը: 

 

 

 



Նաիրա Հայրումյան



Lragir.am