Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր իրադարձությունները.

 


Այսօր' հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մաշտոց վարչական շրջանում գործող «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում, որը գտնվում է Հալաբյան փողոցում անց էր կացվում ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն: Առաջնությունը սկյսվել է ժամը 17:00-ին և միմյանց հետ մրցում էին Տիտան և Սպիտակ թիմերը: 3-րդ խաղակեսի ժամանակ Տիտան թիմի ներկայացուցիչ ներկայացած Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ տալով հարձակվել միջազգային կարգի մրցավար, մրցումների գլխավոր մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա և սկսել հարվածել նրան: Հարվածների արդյունքում գլխավոր մրցավար Ռ Եսայանի քթից սկսել է արյուն հոսել, և վատացել է նրա ինքնազգացողությունը, ինչի համար ահազանգով, կարճ ժամանակում ժամանել են շտապօգնության 1-03 ծառայության թիվ 24 բրիգադը: Այս պահին մարզահամալիր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ գլխավոր մրցավարին ծեծի ենթարկած Գ. Հովհաննիսյանը ներկայանում էր, ՀՀ նախագահի անվտանգության աշխատակից:

 

***

 

Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվում են բողոքի ակցիաները քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստին զուգահեռ:«Վճարում ենք հարյուր դրամ» ակցիայի մասնակիցները փորձել են մասնակցել ավագանու նիստին, որը փակ էր, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց ներս մտնել, տեղի է ունեցել բախում ոստիկանների և ակտիվիստերի միջև, որի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներ Վահագն Մինասյանին և Դվին Իսանյանսին, խոստումով, որ 3 ժամ հետո նրանց ազատ կարձակեն:

 

***

 

Բաղրամյան պողոտայից քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղակալի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկվել քաղաքացիական պայքարների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանը ու ևս երեք հոգի: Newsbook.am-ի հետ զրույցում ոստիկանական մեքենայում գտնվող Արգիշտի Կիվիրյանը հայտնեց, որ իրենք Բաղրամյան պողոտայով իջնում էին դեպի Օպերա, երբ իրենց մոտեցան մի խումբ ոստիկաններ, հրմշտելով, քաշքշելով, շորերը պատռելով ուժի գործադրմամբ նստեցրեցին ոստիկանական մեքենա:

«Հենց այս պահին ոստիկաններից մեկը նստել է իմ գրկում, այ այսպիսի այլասերվածության է հասել ոստիկանությունը»,- ասաց Կիվիրյանը, որի ձայնը խռպոտ էր. Կիվիրյանը ծանր հևում էր:

Թե ինչու են իրավապահները բերման ենթարկել քաղաքացիներին, Կիվիրյանը մեզ հետ զրույցում չհասցրեց տեղեկացնել. անջատվեց հեռախոսը:

 

***

 

Փաշինյանը հեգնում է ՀՀ արտաքին քաղաքականությունը: ՀՀ 2014թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆինանսավորման և միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների մասին: «Այդ ստանդարտ փաթեթին զուգահեռ, որ հանրության ականջը սովոր է լսել, ունենք մի այսպիսի խնդիր ձևակերպված՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ասիայի և այլ երկրների, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնում և համագործակցության զարգացում։ Կարծես արտաքին քաղաքականության խնդիր եք դրել, որտեղ միայն Անտարկտիդան նշված չէ»,-հայտարարեց պատգամավորը։

 

Փոխնախարարը տեղից արձագանքեց. «Արկտիկան էլ»։

 

Փաշինյանն ուղղեց. «Արկտիկան ցամաք չէ, օվկիանոս է, դրա համար էլ արտաքին քաղաքականություն այստեղ որոշել ենք չիրականացնել, եթե իհարկե ջրային համագործակցության խնդիր դրված չէ։ Բայց հարցը դրանում չէ, դուք ներկայացնում եք ֆինանսական ցուցանիշներ: Ձեր կարծիքով ֆինանսական ցուցանիշների, կներեք ոչ հայերեն բառի համար՝ «ռազմախը» ոչ ֆինանսական ցուցանիշների «ռազմախի» հետ բռնու՞մ է, դրանք հարաբերելի՞ են»։

 

Փոխնախարարը պատասխանեց, թե հարցը վերաբերվում է տնտեսական հասկացություններին, որի անունը ծրագրային բյուջետավորում է, որի մասին էլ օրենք են ընդունել, որ բացատրեն, թե ուր են հասել ծրագրային առումով, ուր են գնալու, և այլն։ Անհատական ցուցանիշներ նշելը, ըստ նրա, դեռևս վիճելի է, և որոշակի ժամանակ է պետք հստակություն տալու համար։

 

***

 

ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը չի կարող հստակ ասել, թե Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ինչ փաստաթուղթ է ստորագրելու Ասոցացման համաձայնագրի փոխարեն, սակայն հայտարարեց, թե Հայաստանը մտադիր է Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցել «ամենալուրջ» մակարդակով: Իսկ թե դա ի՞նչ է ենթադրում, փոխնախարարը պատասխանեց. «Հնարավորինս բարձր ներկայանալի մակարդակ»: Լրագրողների հարցին, թե ըստ տարածված տեղեկությունների՝ ստորագրվելիք փաստաթուղթն ընդամենը հուշագի՞ր է լինելու, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Մեզ համար առաջնայինը բովանդակությունն է, որը մենք կարտահայտենք ձևի մեջ, որևէ փաստաթղթի մեջ: Մենք խոսել ենք մեր գործընկների հետ, և ես վստահ եմ, որ մենք կգտնենք մի ձև»,- ասաց նա և ավելացրեց, թե ձևը և բովանդակությունը «միմյանց հետ փոխկապակցված են»:

 

***

 

Turan գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջոյմս Ուորլիքը անդրադառնալով համանախագահների'տարածաշրջան կատարվելիք այցին' ասել է. «Իմ կողմից տարածաշրջանին ծանոթանալը հաստատում է, որ մարդիկ ցանկանում են կարգավորել խնդիրը և գիտակցում են, որ կորուստներ են լինելու: Եթե հակամարտությունը կարգավորվի, ապա ես վստահ եմ, որ դա բարգավաճում կապահովի Կովկասում: Այդ պատճառով էլ մենք պետք է փնտրենք և գտնենք այնպիսի ճանապարհներ, որոնք թույլ կտան մարդկանց և այդ երկների կառավարություններին հասնել իրենց նպատակին»: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելով որպես վտանգավոր' Ուորլիքը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զինվել, չնայած որ հակամարտությունը «հայելային հնարավորություններ» ունի, եթե երկու երկրների առաջնորդները ընտրեն Մինսկի խմբի ձևաչափի խաղաղ տարբերակը:

 

***

 

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան կարող է ներգրավվել պատերազմական գործողություններին: Այս մասին ՌԴ ՊՆ-ի պաշտոնական պարբերական «Красная звезда»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին: Նրա խոսքերով' բազայի պատասխանատվության տակ գտնվող գոտու ռազմա-քաղաքական իրավիճակն անհանգիստ է մնում և բնութագրվում է հայ-ադրբեջանական հակամարտության սրման հնարավորությամբ պայմանավորված ապակայունացնող գործոնների առկայությամբ:

 

***

 

«Որքա՞ն է մեր արտաքին պարտքը, հարաբերակցությունը ՀՆԱ-ի կամ բյուջեի նկատմամբ և դինամիկան անցյալ տարվա համեմատ»,- այս մասին 2014 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Պավել Սաֆարյանին հարցրել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա նաև հետարքրքվել է. «Ես գիտեմ, որ բյուջեն կազմվում է այսպես՝ պատվեր են իջեցնում, իսկ դուք ֆինանսավորում եք: Ի՞նչ է ձեզ իջեցրել ԱԳՆ-ն հաջորդ տարվա համար»: «Ջղայնացած տոնով եք հարցնում»,- արձագանքել է Պավել Սաֆարյանը: Արամ Մանուկյանն էլ համաձայնել է: «Իհարկե, ջղայնացած տոնով եմ հարցնում: Բայց, որ առաջարկս ասեմ, կտեսնեք, որ հումորս ավելի շատ է, քան զայրութս: Աչքալուսանք կարող եմ անել՝ 122.000՝ պաշտոնական թիվն է այս տարի Հայաստանից արտագաղթածների, և բնակչության թիվն էլ որ այսպես պակասի, բյուջեն առատ կհերիքի մնացածի համար»:

 

***

 

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, արագ արձագանքման ծառայության աշխատանքների իրականացման համար 2014թ.-ի բյուջեով ՄԻՊ-ին հատկացված գումարին խնդրում է ավելացնել ևս տասը մլն դրամ:

Արձագանքելով ՄԻՊ խնդրանքին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համաձայնել է, որ բյուջեի հատկացումներում համաչափության կա և ասել է. «Այո մենք հասկանում ենք, որ բյուջեից հնարավոր չէ բոլոր ցանկություններն ու կարիքները իրականացնել, բայց մենք հասկանում ենք, որ կա իսկապես ճիշտ և ադեկվատ խնդիր։ Բյուջեն երբ թերթում էի, պատահական ես մեկ անուն հիշեցի՝ ինչ-որ պարող, թե երգող տղաների կազմակերպությանը՝ 7 մլն դրամ, կամ ինչ-որ «Օջախի ծուխ», «Ճաքած նուռ» նման կարգի կազմակերպությունների գումարներ են տրվում։

 

***

 

Ինչքան գումար է «վաստակել» Սաշիկ Սարգսյանը արագաչափերից: Արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրվող խախտումներից սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստացի ստացվել է 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամ: Սա ավելին է, քան ծրագրվում էր: Առաջին 9 ամսվա կտրվածքով ծրագրվածը գերակատրվել է 813 մլն 700 հազար դրամով կամ 24.2 %-ով: Բացի դրանից՝ Ճանապարհային պետական ծառայությունը խախտումների գծով մուտքագրել է 1 մլրդ 769 մլն 200 հազար դրամ, ինչն էլ, իր հերթին, 9 ամսվա պլանային ցուցանիշը գերազանցում են 120 մլն 900 հազար դրամով: Ըստ ոստիկանության՝ մինչև այս տարվա ավարտը Ճանապարհային պետական ծառայության արձանագրած խախտումների գծով առնվազն կմուտքագրվի ևս 679.5 մլն դրամ: Նշենք նաև, որ արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներից գանձված գումարների 70%-ը փոխանցվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որի իսկական սեփականատերը, ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է:

 

***

 

Վանից ընտրված թուրք պատգամավոր Այսել Թուղլուքն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոխել քաղաքի անվանումը՝ այն կոչելով Ուան։ Որպես պատճառաբանություն պատգամավորը նշում է, որ հարյուրամյակներ շարունակ Վանը հենց Ուան է կոչվել։ «Վանի նահանգի անունը Ուանով փոխելով՝ թե՛ տարածաշրջանի մշակութային արժեքների հանդեպ իրականացված հակաժողովրդական, միակողմանի որոշումից հետ կդառնանք, թե՛ քաղաքի անվանումը հնչյունաբանական տեսանկյունից ավելի ճիշտ կարտասանվի»,-նշել է պատգամավորը։

 

***

 

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը, ազատամարտիկների հետ միասին, Նոյեմբերի 1-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց կազմակերպում է ակցիա,որի նպատակն է սատարել կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին, ևս մեկ անգամ շեշտել նրա պայքարի արդարացիությունը: Իշխանությունները ապօրինի են կալանավորել Վոլոդյա Ավետիսյանին և իր ընկերները շարունակելու են արժանապատիվ ազատամարտիկների պայքարը միաժամանակ պահանջելով իրեն ազատ արձակել: