«Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը եւ համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը»,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների գնդակոծությանը:

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը:

«Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը խարխլող այսօրինակ գործողությունները, ի վերջո, պետք է խստիվ դատապարտվեն համանախագահ երկրների եւ միջազգային հանրության կողմից»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

 

***

 

Մերձմոսկովյան շրջանում ողբերգական ավտովթարի համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դատի է տվել քննիչին, ով իր պաշտպանյալին դատարանի դահլիճ էր բերել կանացի խալաթով:

Մեղադրյալին կանացի խալաթով և հողաթափերով դատարանի դահլիճ բերելը, ըստ իս, անձին կալանավորելու վերաբերյալ օրենքի խախտում է. Life News-ին հայտնել է Հրաչյայի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Նա պարզաբանել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հարությունյանը ցանկություն է հայտնել կապվել հարազատների հետ և նորմալ հագուստ խնդրել, այդ խնդրանքը չի կատարվել:

Մարգարյանը հույս է հայտնել, որ դատարանը վերջապես վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի պատմությանը, քանի որ համապատասխան բողոքները դատախազություն և քննչական կոմիտե ոչ մի արդյունքի չեն բերել:

 

***

 

Սնանկացած «Կրեպսոն» ընկերության տնօրեն Արման Երեմյանը իր ներկայիս վիճակի համար մեղադրում է Դավիթաշենի նախկին թաղապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին։ 2007-ին Արման Երեմյանը Դավիթաշենում գյուղմթերքի մանրածախ առևտրի կենտրոն է ստեղծել. գրում է A1plus.am-ը:

«2008-ից էլ ծանոթացել եմ Արթուր Գեւորգյանի հետ, որը վարձակալությամբ տարածքներ էր տալիս։ Նա ինձ առաջարկեց իր ընկեր Վաչագան Մանուկյանի հետ կառուցել մանրածախ շուկա։ Ինձ առաջարկվեց ներդրում անել, որը կնվազի վարձակալության մարման ընթացքում»,- պատմում է Արման Երեմյանը։

Նրա խոսքերով ՝ ինքը ներդրել է շուրջ 12 մլն դրամ։ Դավիթաշենի նախկին թաղապետ Արթուր Գեւորգյանը խախտել է պայմանավորվածությունը և վարձակալության դիմաց պահանջել ամսական 1 մլն դրամ' առանց իրավական փաստաթղթի։

Արմանի մոր' «Կրեպսոն» ընկերության բաժնետեր Գայանե Մարտիրոսյանի խոսքերով' որդին այլևս չէր կարողանում վճարել ո'չ մատակարարների գումարները եւ ո'չ էլ տարածքի, որի համար մարտի 21-ի երեկոյան իրենց ծեծի են ենթարկել։

Արման Երեմյանը դիմել է դատարան եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել Արթուր Գեւորգյանին և Վաչագան Մանուկյանին իրեն սնանկության հասցնելու համար։

 

***

 

Աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹևերը», իր եռամյա գործունեության ընթացքում փոխադրել է 200 000-ից ավելի մարդ. այս մասին այսօր «Տաթևի վերածնունդ» ծրագրի և «ՏաԹևեր» ճոպանուղու շահագործման 3-ամյակին նվիրված ասուլիսին ասաց «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը:

«Այս տարի միջինը 10 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է այժմ գալիս Տաթև, ի շնորհիվ մեր ճոպանուղու»,- ասաց նա:

Վանք հասնելը մեքենայով տևում էր մոտ մեկ ժամ, մինչդեռ այսօր, ճոպանուղով ընդամենը 12 րոպեում: Տարածքում շուտով կկառուցվի հյուրանոց:

Արեն Ափիկյանն ասաց, որ «Տաթևի վերածնունդ» ծրագրի և Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամի ջանքերով մեկնարկել են Հալիձոր գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները, որի ընդհանուր բյուջեն կազմում է 115 միլիոն դրամ, և որի 50%-ը կտրամադրի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը:

Իսկ հիմնական ծրագիրն ըստ նրա՝ Տաթևի վանքի վերածնունդը կլինի, որը կբացվի 2017 թ-ին վերանորոգված ու վերածնված վանքը։ «Մեր խնդիրն է ոչ միայն վանքի պատերը վերանորոգել, ամրացնել, այլ վանական կյանքը վերածնել, ինչ դեր ունեցել է նախկինում»,- ասաց նա։

 

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:

 

***

 

Կազանի օդանավակայանում նախօրեին կործանվել էր ուղևորատար Boeing 737-500 ինքնաթիռը, ինչից հետո չեղյալ էր հայտարարվել ավելի քան 50 ներքին և միջազգային չվերթ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թաթարստանի օդանավակայանը ժամանակավորապես փակ է, և ինքնաթիռներն ուղարկում են պահեստային օդավանակայններ:

Հիշեցնենք, որ տեղի ունեցած ավիավթարից զոհվել է 50 մարդ, որոնց թվում' Թաթարստանի նախագահի որդին: Որպես վթարի հիմնական վարկած է դիտարկվում օդաչուների անուշադրությունն ու տեխնիկական անսարքությունը:

Նոյեմբերի 18-ը երկրում սգո օր է հայտարարվել:

 

***

 

Նոյեմբերի 16-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ Գյումրիի Պուշկինի փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1958 թ. ծնված Ասյա Կ.-ն, 1977 թ. ծնված Վարդան Կ.-ն, 1977 թ. ծնված ՄերիՄ.-ն եւ 1979 թ. ծնված Մանուշ Կ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, նրանք տանը պատրաստել եւ կերել են «խաչապուրի» կարկանդակներ:

Հանգամանքները պարզվում են:

 

***

 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Կիևյան (1 արագաչափ՝ Բարեկամության հրապարակից դեպի Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկ ուղղությամբ), Օրբելի (1 արագաչափ' երկու ուղղություններով) և Հր. Քոչար (1 արագաչափ՝ Հր. Քոչար-Վրացական փողոցների խաչմերուկից դեպի Հր.Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ) փողոցներում նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: