Կոտայքի տարածքային հարկային տեսչության առջև հավաքված անձանց գործողությունները՝ վարկաբեկիչ մեղադրանքով, կարող են բնորոշվել միայն որպես անձնական, իսկ ավելի կոնկրետ' որոշ անձանց շահագրգռվածություն: «Հարկային տեռորի» կամ «գործ սարքելու» մասին նրանց գնահատականները ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական մեղքը թաքցնելու համար նախահարձակ լինելու վկայություն:

 

Տեսչություն ներխուժել ցանկացող անձանց խմբին առաջնորդող անհատ ձեռնարկատեր Ռայա Մուշեղի Ղահրամանյանը փորձել է այսպիսով խուսափել իր անօրինական գործելաոճը բացահայտած հարկային մարմնի օրինական պահանջի կատարումից: Խնդիրը հետևյալն է. Հիմք ընդունելով մանրամեծածախ առևտրով զբաղվող Ռայա Ղահրամանյանի ներկայացրած տվյալները' Կոտայքի տարածքային հարկային տեսչության իրականացրած հսկողական և վերլուծական աշխատանքների արդյունքում անհատ ձեռնարկատերը հայտնվել է ռիսկային համարվող հարկ վճարողների ցանկում:

 

Տեսչությունը գրավոր ծանուցել է հարկ վճարողին, որպեսզի վերջինս հայտարարագրի իրական իրացման շրջանառությունները և վարձու աշխատողների թվաքանակը, սակայն հարկ վճարողն անպատասխան է թողել ծանուցումները: Այնուհետև 26.02.2013թ.-ին և 18.11.2013թ.-ին անհատ ձեռնարկատիրոջ մոտ իրականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներ, և 2 դեպքում էլ արձանագրվել է խախտում:

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքի համաձայն' անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը պետք է կասեցվեր, սակայն հարկային տեսչության կողմից հարկ վճարողին առաջարկվել է գործունեության կասեցումը փոխարինել տուգանքի վճարմամբ' «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ ենթակետի դրութների համաձայն:

 

Հարկային վարչարարության շրջանակներում Կոտայքի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է նաև, որ անհատ ձեռնարկատիրոջ երեք հսկիչ-դրամարկղային մեքենաները' գրանցված Աբովյան Հանրապետության 20 հասցեում, չեն գտնվում նույն տարածքում, այլ տեղադրված են տարբեր հեռավորությունների վրա գտնվող և առանձնացված տարբեր մուտքերով շինություններում, որից ակնհայտ է, որ հարկ վճարողը միաժամանակ երեք խանութներով չի կարող գործունեություն ծավալել' ունենալով 1 վարձու աշխատող, ինչպես հայտարարգրել էր Ռ. Ղահրամանյանը:

 

Բացահայտումների մասին հարկային տեսչության աշխատակիցները տեղեկացրել են անհատ ձեռնարկատիրոջը և այդ պահին խանութներում արձանագրել 7 աշխատող: Ակնհայտ է, որ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքի պահանջից, և որևէ միտում, քան օրինականության պահպանումն է, չի կարող լինել: Հարկային մարմինը կատարում է իր աշխատանքը:

 

Օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար հարկային մարմնի օրինական գործողություններն ընդունել չցանկացող անձանց անհիմն բողոքը չի կարող հիմք լինել, որպեսզի հարկային ծառայությունը չկատարի օրենքի պահանջը: ՊԵԿ-ը բոլոր դեպքերում անընդունելի է համարում ոչ օրինաչափ գործողությունների քողարկումը զրպարտության և ամբոխավարության մեթոդներով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման վարվելակերպը չի բխում օրենքի պահանջներից և ենթակա է իրավական գնահատականի:

 

Պետական եկամուտների կոմիտե