Ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով'927 կգ հերոնի մաքսանենգության դեպքի հայտնում ենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն:

 

Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռևս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

 

Օսման Ուգուրլուն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:

 

Ավելի վաղ, ՀՀ ՊԵԿ-ը տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը.

 

«Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության վարչությունը, ՀՀ ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 928 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, որն աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլ նաև տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների առումով: Հունվարի 16-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ' Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով:

 

Նախաբացթողումային հսկողության վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Ռապիսկան սարքավորման միջոցով ռենտգեն զննության են ենթարկել մեքենան և կցորդի հատակի մանրամասն ուսումնասիրությամբ հայտնաբերել «օտար մարմնի» առկայություն, ինչն էլ հիմք է հանդիսացել բեռնատարն ու նրա կցորդը մանրակրկիտ զննության ենթարկելու համար: Բեռնատարը մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է Ալյանս Տերմինալ մաքսային պահեստ, որտեղ մաքսանենգության կասկածանքով, զննության է ենթարկվել: Արդյունքում բեռնատարին ամրակցված կցորդի հատակում հայտնաբերված թաքստոցից դուրս է բերվել թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ:

 

Ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200մլն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է»: