Այգեպար գյուղում բնակիչների տարհանման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:

 

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հակառակորդի կողմից պարբերաբար հնչող կրակոցների հետևանքով' Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում խուճապ է սկսվել, և բնակիչներին տարհանել են:

 

«Երեկ երեկոյան ժամը 9-ից սկսել են կրակոցները ադրբեջանական կողմից սահմանամերձ Այգեպար գյուղի ուղղությամբ: Ժամը 10-ի սահմաններում մեր դիրքապահները, մեր զինվորները հակահարված տալուց հետո լռեցրին հակառակորդին: Մի քանի գնդակ է եկել գյուղի ուղղությամբ, իսկ խուճապի հետ կապված ասեմ, որ ոչ մի խուճապ չկա, մեր գյուղի բնակիչները հերոս ժողովուրդ են, ստեղ են ապրել, մեծացել, թուրքն ո՞ւմ շունն ա, որ վախենան»,-ասաց գյուղապետը' հավելելով, որ այսօր առավոտյան գյուղի երեխաները գնացել են դպրոց և մանկապարտեզ:

 

«Մեր զինվորները միշտ պատրաստ են, միշտ էլ հակահարված տալիս են, միշտ էլ մեկին տասը պատասխանում են, և այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Անդրանիկ Այդինյանը:

 

Նշենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումներից հետո իրավիճակը շփման գծում լարվել է: Այդ օրը բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

 

Առկա լարվածության մասին է խոսել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սակայն հավաստիացրել, որ որևէ մտավախություն չպետք է լինի ժողովրդի մոտ. «Մեր զինծառայողներն, ինչպես կատարել են իրենց խնդիրը, այնպես էլ շարունակում են կատարել»,-ասել է Սեյրան Օհանյանը:



Ազատուհի Արասխանյան