Թեպետ վերջին տարիների ընթացքում Թուրքիայի հասարակության շրջանում կա որոշակի տեղաշարժ Հայոց ցեղասպանության և հայկական հարցի շուրջ ընկալումներում, այդուհանդերձ քիչ չեն նաև այն մտավորականները, որոնք հրաժարվում են առերեսվել պատմական իրականությանը:
Նման մտավորականների թվին պետք է դասել թուրք վիպասան Այշե Քուլինին, ով, մասնակցելով թուրքական CNN Turk հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդումներից մեկին, ասել է, թ ե իրեն չի համարում պատասխանատու Հայոց ցեղասպանության և հայերի տեղահանման համար: Թուրք մտավորականը պնդել է, թե 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն էր, այլ պարզապես պատերազմական իրադրությունում տեղի ունեցած «վատ դեպքեր»:
«Ես հայերին շատ եմ սիրում, սակայն դա տեղահանություն էր: Դժվար է պատերազմական դեպքերը ցեղասպանություն անվանելը: Մենք հենց այնպես չենք գնացել և նրանց սպանել' այնպես, ինչպես տեղի ունեցավ հրեաների դեպքում»,- ասել է Քուլինը' նշելով, որ համարում է իրեն օսմանյան պետության ժառանգորդը:
Թուրք վիպասանի այս խոսքերն արդեն արձագանք են գտել համացանցում: Դրանք քննադատել է թուրքահայ լրագրող Ջևաթ Սինեթը: Aykiridogrular.com կայքում հրապարակած հոդվածքում Սինեթը հարց է տալիս Քուլինին, թե որտեղ են այժմ հայերը, ինչու են նրանք անհետացել այդ աշխարհագրական միջավայրից: «Հանգիստ թողնենք հայ ժողովրդին. ոչ մի ժողովուրդ արժանի չէ ցեղասպանության և տեղահանման: Եթե նման հայտարարություն աներ սովորական, շարքային մի մարդ, ապա կհասկանայի, կասեի, որ բանիմաց չէ, չգիտի: Սակայն չկա ավելի սարսափելի բան, քան այն, որ նման բան ասում է գրողը»,- ցավով նշել է Ս ինեթը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: