Ավստրալահայերը տեղեկատվական տարբեր խողովակներով պահանջել են այդ երկրի արտգործնախարար Ջուլի Բիշոփից հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտող իր հայտարարություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' մի խումբ ավստրալահայեր նման պահանջով նամակ են հղել Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթին:
Դրան զուգահեռ' Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնությամբ' ԱԳ նախարար Բիշոփին ուղղված 500 դիմում-նամակներ են առցանց: Բացի այդ, մի շարք համայնքների առաջնորդներ նույն պահանջով առանձին նամակներ են հղել իրենց պատգամավորներին:
«Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը ստացել է այդ նամակների պատճենները, որ ուղարկվել են մեր համայնքի հարգարժան առաջնորդների կողմից. նրանք բոլորը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանագներն են»,- ասել է Հայ դատի Ավստրալիայի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:
Ավստրալիայի թուրքական միությանն ուղղված նամակում Ջուլի Բիշոփը հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարությամբ' նշելով, որ «մենք չենք ճանաչում այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն»: