Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատել է ինքնակառավարման նոր օրենսգիրքը, ինչի արդյունքում 2014 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ Վրաստանի կողմից անկախության ձեռքբերումից հետո առաջին անգամ բոլոր քաղաքապետներն ու գամգեբելները կընտրվեն ուղղակի ընտրությունների ճանապարհով, տեղեկացնում է «Գռուզիա Online»-ն:
Նոր օրենսգրքի համաձայն՝ քաղաքագլուխներն ընտրվելու են միայն ինքնակառավարվող քաղաքներում: Առկա հինգ ինքնակառավարվող քաղաքների՝ Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութայիսիի, Փոթիի եւ Բաթումի հետ միասին նման կարգավիճակ կստանան նաեւ Թելավին, Մցխեթը, Ախալցխան, Ամբրոլաուրին, Օզուրգեթին եւ Զուգդիդին՝ նկատի առնելով այն, որ այդ քաղաքները տարածաշրջանային կենտրոններ են:
Մնացած մունիցիպալիտետներում կընտրվեն գամգեբելներ, որոնց վերջնական թվաքանակը պետք է սահմանվի մինչեւ տեղական ընտրությունները: Ընտրությունների օրը նշանակում է Վրաստանի նախագահը՝ կառավարության համաձայնությամբ: