Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը պատգամավորներին կոչ է անում խորհրդարանում օգտագործել միայն հայերեն բառեր: Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. գործունեության քննարկման ժամանակ իր ելույթից առաջ Արամ Մանուկյանը հանդես եկավ կոչով, որով հորդորեց պահպանել մայրենի լեզվի կանոնները:

 

«Խնդրում եմ այս դահլիճում հայրանունները ռուսական տարբերակով չօգտագործել, ոչ թե Ռոբերտ Նիկոլայիչ, այլ պարոն Նազարյան՝ շատ գեղեցիկ է հնչում: Մեր լեզուն պետք է պահպանենք այստեղ. օրինակ՝ ոչ թե նախագան, այլ նախագահը, ոչ թե վերաբերվում է, այլ վերաբերում է, ոչ թե գույքերը, այլ գույքը, ոչ թե հրավերքները, այլ հրավերը, սա է մեր անկախության արժեքը»,-նշեց Մանուկյանը:

 

Այնուհետև իր ելույթի ընթացքում ՀԱԿ պատգամավորն օգտագործեց «կուկլա» բառը, ինչին արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը' նկատելով, որ Մանուկյանը հակասում է ինքն իրեն: Մանուկյանն էլ արձագանքեց, թե քանի որ չակերտների մեջ է օգտագործում, կարող է անգլերենով էլ բառեր ասել՝ վստահեցնելով, որ լեզվի առումով իր հետ չեն կարող մրցել: