ԱՄՆ-ի Տեխասի նահանգում ձյան տեղումների հետեւանքով արդեն չորս մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է ABC հեռուստաալիքը, մարդիկ զոհվել են ավտովթարների եւ ձնահավաքման ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարների հետեւանքով:
Ներկայում ութ նահանգներում՝ Վիրջինիայում, Մերիլենդում, Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայում, Ջորջիայում, Ալաբամայում, Միսիսիպիում եւ Լուիզիանայում, արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված: Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ առաջիկա օրերին տարերքը կհարվածի ԱՄՆ-ի Հարավի եւ Հյուսիս-արեւելքի 16 նահանգների՝ Տեխասից մինչեւ Նյու Ջերսի, որտեղ ավելի քան 90 մլն մարդ է ապրում: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ձյան տեղումները կշարունակվեն առնվազն երկու օր:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ փետրվարի 11-ին ամերիկյան երկու խոշոր ավիաընկերություններ՝ Delta-ն եւ Soutwest airlines-ը, հայտարարել են այսօր պլանավորված շուրջ 2 հազար ավիաչվերթներ չեղյալ հայտարարելու մասին: