Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկում է խորհրդարանում ձևավորվելի գազի հանձնաժողովի ուսումնասիրության առարկա դարձնել ոչ թե սպառողին հասնող գազի գնի սահմանման համապատասխանությունը միջազգային պրակտիկային, այլ դրա հիմնավորվածությունը: «Եթե մենք պարզենք, որ այդ սակագնի սահմանման կարգը համապատասխանում է միջազգային պրակտիկային, դա մեր հանրությանը ոչինչ չի տա: Հանրությունը ցանկանում է իմանալ, թե հիմնավոր է արդյոք այդ սակագների սահմանման կարգը, եկեք տանք այդ հարցի պատասխանը»,-նշեց պատգամավորը:
Լևոն Զուրաբյանն իր գոհունակությունը հայտնեց նաև, որ մեծամասնությունն ընդունել է իրենց առաջարկը՝ գազի դիմաց կուտակված 300 միլիոն դոլար պարտքի օրինականության վերաբերյալ: Նա նշեց, որ նախագծի սկզբնական տարբերակում նշված էր 300 միլիոն դոլար պարտիք մարման օրինականությունը, սակայն քննարկումներից հետո որոշվել է փոխել ձևակերպումը և ուսումնասիրության առարկա դարձնել այդ պարտքի ձևավորման օրինականության հարցը:
Նախորդ քառօրյայի ընթացքում «Հանրապետական» մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության է հրավիրել: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու մասին: