Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադան հայտարարել է ինքնավարության կարգավիճակի և նրա լիազորությունների ընդլայնման հարցի շուրջ համաղրիմյան հանրաքվե անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ինքնավարության բնակիչներին հղած համապատասխան ուղերձով հանդես է եկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի նախագահությունը:
«Ուկրաինայում զինված ավազակային կազմավորումների աջակցությամբ արմատական ազգայնականների կողմից իշխանության ոչ սահմանադրական զավթման հետևանքով Ղրիմում սպառնալիքի տակ են դրված խաղաղությունն ու անդորրը,- հայտարարել է ՂԻՀ-ի Գերագույն ռադայի նախագահի մամուլի քարտուղար Օկսանա Կոռնեյչուկը:-Երեկվա ընդհարումը Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ, որը հանգեցրեց արյունահեղության և մարդկային զոհերի, երկիրը համակած քաղաքական ծայրահեղականության և բռնության սանձարձակության հետևանքն է: Ուկրաինան գլորվում է դեպի լիակատար քաոս, անարխիա և տնտեսական աղետ: Այս պայմաններում ՂԻՀ-ի Գերագույն ռադան՝ որպես ՂԻՀ-ում իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմին, հենվելով իրեն ընտրած ղրիմցիների կամարտահայտման վրա՝ ստանձնում է Ղրիմի ճակատագրի ամբողջ պատասխանատվությունը»:
«Համոզված ենք, որ միայն ինքնավարության կարգավիճակի կատարելագործման և դրա լիազորությունների ընդլայնման հարցի շուրջը համաղրիմյան հանրաքվեի անցկացումը ղրիմցիներին թույլ կտա, որ նրանք իրենք առանց արտաքին ճնշման և թելադրանքի որոշեն ինքնավարության ապագան»,- ընդգծված է ուղերձում: