Ուկրաինան պաշտոնապես դիմել է Եվրամիությանն' Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Հունաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսը:

 

«Կիև կատարած այցի ընթացքում ես հնարավորություն ունեցա արտգործնախարարի ներկայությամբ հանդիպել Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովի հետ: Նրանք ինձ փոխանցեցին Եվրամիությունում Հունաստանի նախագահությանը Ուկրաինայի կառավարության պաշտոնական դիմումը, որում Ուկրաինան պաշտոնապես խնդրում է նոր գործընթաց սկսել, որը կհանգեցնի Եվրամիության և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Վենիզելոսը:

 

Նա տեղեկացրել է, որ ինքն այդ նամակը փոխանցել է եվրոպական կառույցներին: Հունաստանի արտգործնախարարը նաև հաղորդել է, որ Ուկրաինային 15-35 միլիարդ եվրոյի օգնություն է անհրաժեշտ:

 

Հունաստանը 2014թ.-ի հունվարի 1-ից ստանձնել է ԵՄ նախագահությունը: ԵՄ-ում Հունաստանը կնախագահի կես տարի: