Եվրամիության անդամ-պետությունների միջև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում սուր տարաձայնություններ կան: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

ԵՄ-ի շատ անդամ-պետությունները չեն պաշտպանում այդ միջոցները՝ զգուշանալով դրանցից ավելի շատ տուժել, քան Ռուսաստանը: Այսպես, Մեծ Բրիտանիան հավանություն չի տալիս Ռուսաստանի բանկային հատվածի դեմ պատժամիջոցներին, քանի որ դա ծանր հարված կհասցնի Լոնդոնի Սիթիի ֆինանսներին: Ֆրանսիան առայժմ պատրաստ չէ Ռուսաստանի հետ խզել իր ռազմական կապերը, իսկ Գերմանիան, որը ՌԴ-ի խոշորագույն առևտրական գործընկերն է և ռուսական գազի ներմուծողը, ընդհանրապես այն կարծիքին է, որ ներկայումս սպառված չեն ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղիները: Բացի այդ, Եվրամիությունում կան մի խումբ երկրներ, որոնք ավանդաբար մոտ են Ռուսաստանին: Խոսքը Կիպրոսի, Հունաստանի, Ֆինլանդիայի և Բուլղարիայի մասին է, որոնք, մասնավորապես, զգուշանում են ռուսական խոշոր ներդրումներից զրկվելուց: