Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը դատական գործ է հարուցել Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպած և իրականացրած Յասին Հայալի, Էրսին Յոլջուի, Ահմեթ Իսքենդերի և Օգյուն Սամասթի դեմ: Հայցով պահանջվում է, որպեսզի վերջիններս նախարարության գանձարանին փոխանցեն այնքան գումար, որքան Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղը վճարել էր Հրանտ Դինքի ընտանիքին: Այս մասին հաղորդում է «Հուրիեթ» պարբերականը:

 

Դինքի սպանությունից հետո նրա կինը' Ռաքել Դինքը և երեխաները' Արաթը, Դելալը և Սերան, Ստամբուլի 6-րդ վարչական դատարանում հայց էին ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ' պահանջելով վճարել 1,5 միլիոն թուրքական լիրա (շուրջ 670 հազար ԱՄՆ դոլար) նյութական և բարոյական փոխհատուցում: 2012 թվականին վարչական դատարանը բավարարել էր հայցը' պարտավորեցնելով նախարարությանը վճարել 466 հազար 781 թուրքական լիրա նյութական, 600 հազար թուրքական լիրա բարոյական փոխհատուցում: Ներքին գործերի նախարարությունը 2013 թվականի հուլիսի 18-ին Դինքի ընտանիքին վճարել էր 1 միլիոն 659 հազար 765 թուրքական լիրա և 50 քուրուշ (շուրջ 740 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում' ներառյալ տոկոսները:

 

Այժմ նախարարությունն սպանությունը ծրագրավորած և իրագործած հանցագործների դեմ դատական հայց է ներկայացրել' հիմնավորելով այն բանով, թե իրենց փոխհատուցած գումարը վնասել է իրենց գանձարանին: