Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ Ռուստամ Տեմիրգալիևը միջազգային բոլոր դիտորդներին կոչ է արել ժամանել Ինքնավար Հանրապետություն՝ օբյեկտիվորեն լուսաբանելու մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Հանրապետական իշխանությունները պաշտոնական մանդատ ունեցող միջազգային դիտորդներին հրավիրում են գրանցվել հանրապետական ընտրական հանձնաժողովում, ձևակերպել համապատասխան փաստաթղթերը և օբյեկտիվորեն լուսաբանել ղրիմցիների կամաարտահայտման ընթացքը»,-հայտարարել է Տեմիրգալիևը' մարտի 12-ին Սիմֆերոպոլում կայացած մամուլի ասուլիսում:

 

Մինչդեռ ԵԱՀԿ-ն անօրինական է ճանաչել Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն: ԵԱՀԿ-ի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ հանրաքվեն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը և պետք է անօրինական համարվի:

 

Բուրկհալտերը նշել է, որ, բացի հանրաքվեի ոչ սահմանադրական լինելուց, դիտորդներ ուղարկելու ևս մեկ խոչընդոտ է Ուկրաինայի իշխանությունների կողմից հրավերի բացակայությունը՝ նկատի առնելով այն, որ հանրաքվեին հետևելու հրավերն ուղարկվել է ոչ թե Կիևի, այլ Ղրիմի խորհրդարանի կողմից: