Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին մարտի 26-ին երկրի զինված ուժերի գլխավորության հրամանատարության նիստ է հրավիրել: Լուրեր են շրջանառվում, որ նա այսօր կհայտարարի իր պաշտոնից ազատվելու մասին, որպեսզի ավելի ուշ հայտարարի նախագահական ընտրություններում մասնակցելու մասին: Նիստը մի քանի ժամ առաջ մեկնարկել է:

 

Ավելի վաղ արաբական աղբյուրները տեղեկացրել էին, որ նախ Սիսին իր պաշտոնից հեռանալու մասին կհայտարարի բանակի բարձրագույն խորհրդին, իսկ հինգշաբթի՝ կառավարությանը:

 

Ինչ վերաբերում է երկրում տիրող իրավիճակին, ապա Կահիրեի համալսարանի մերձակայքում թեժ բախումներ են ընթանում ուսանողների և անվտանգության ուժերի միջև: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ վիրավորվել են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամ 9 ուսանողներ: Եգիպտական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է 14-ամյա ուսանողի մահվան մասին: Անվտանգության ուժերը ձերբակալել են տասնյակ ուսանողների: