Սիրիայի զորքերը Քեսաբի շրջանում, Լաթաքիայից 65 կմ դեպի հյուսիս, հետ են մղել Թուրքիայից ներխուժած հրոսակախմբերին և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին: Այս մասին հայտնում է «Ալ Վաթան» լրատվական ծառայությունը:

 

Ըստ հաղորդագրության' անցած 48 ժամերի ընթացքում Քեսաբի շրջանում ոչնչացվել է 500 գրոհային, նրանց մեջ մեծ թվով արտասահմանցի վարձկաններ են եղել:

 

«Ահաբեկիչների հրոսակները, որոնք հարձակվել են Քաստել Մաաֆ գյուղի կողմից, հետ են շպրտվել թիվ 45 ռազմավարական բարձունքից», -հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը: Մարտում, որը շարունակվել է երեք օրից ավելի, զոհվել է գնդապետ Սամուիլ Գաննումը:

 

Թեժ մարտեր են գնում Լաթաքիայի մոտակայքում' Հիրբերտ Սալուսում և Բեյթ Հալիբիում: Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Նաբաա էլ Մուր մերձսահմանային վայրում հրոսակախմբերի կուտակումներին: «Ալ Վաթան»-ի համաձայն' չնայած Դամասկոսից հնչող բողոքներին, թուրքական զինվորականները չեն դադարում օժանդակություն ցուցաբերել զինված ընդդիմությանը:

 

Հոմսից ստացված հաղորդագրությունների համաձայն' քաղաքի հին թաղամասերում զենքը վայր է դրել 188 ապստամբներից կազմված խումբը: Յաբրուդի դիմադրությունը դադարեցրել է ևս 34 մարդ: Ինչպես նշում է «Ալ Վաթան»-ը, «սիրիական բանակի հաղթանակները կոտրել են գրոհայինների ոգին»: