Այսօր' մարտի 28-ին, Ազատության հրապարակում նախահավաք էր կազմակերպել «Ժառանգություն» կուսակցությունը: Ամբիոնից ելույթ ունեցավ նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախ բացատրեց, թե ինչու է հավաքը կոչվում նախահավաք. «Որովհետև Ազատության այս հրապարակը դեռ պետք է դառնա միացյալ: Մոտ ապագայում մենք պարտավոր ենք հասնելու նրան, որ Ազատության հրապարակը դառնա ազգահավաքի հրապարակ»:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց նախահավաքի հիմնական պահանջներն են'ինքնիշխան իրավական Հայաստան, իշխանությունը ժողովրդին, այսինքն' արտահերթ իշխանափոխություն, և այդ հեղափոխությունը' ի կատար ածելով սահամանադրության տառն ու ոգին:

 

Անդրադառնալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին' Հայաստանի «դեմ» քվեարկությանն ասաց.

 

«Երեկ ՄԱԿ-ում կատարվեց քվեարկություն, և բոլորս գիտենք, թե մեր երկրի անընտիր, կեղծընտիր իշխանությունները ինչպես քվեարկեցին: Անգամ Չինաստանի, Ղազախստանի նման կամ իրենց խոստման համաձայն չկարողացան ձեռնպահ քվեարկել, կամ թեկուզ չմասնակցել քվեարկությանը։ Այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ Ցեղասպանության ճանաչման և հատուցման մասին, այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ Արցախի ինքնիշխանության ճանաչման և ամբողջականության մասին, ՀՀ անկախության, մարդու իրավունքների, ազատ ընտրությունների, բնապահպանության և ազատ շահերի մասին: Թանկացումները, թալանը, ազգային սեփականության օտարումը, ստրկամտությունը, արտագաղթը, պետական հանցագործությունը շարունակվելու են, եթե այս ապօրինի իշխանությունը շարունակի իր աթոռի վրա մնալ: Ուստի անհրաժեշտ է, որ այս իշխանությունը վերից վար պիտի փոխվի:

 

Ես այսօր երկար ծրագրային ճառ չեմ ասի: Արդեն իմ ծրագրային ճառերի շրջանն անցել է, և կոչ եմ անում բոլորին արդեն անցնել գործի»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: