Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմի հարցում ՄԱԿ-ն առաջնորդվում է մարտի 27-ին Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի ընդունած բանաձևով: Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

 

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը կողմ և Ղրիմում հանրաքվեի դեմ բանաձև է ընդունել: Դրա օգտին է քվեարկել ՄԱԿ-ի անդամ 100 երկիր, դեմ է արտահայտվել 11 երկիր, ձեռնպահ է մնացել՝ 58-ը:

 

Փաստաթղթում նշված է, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլում անցկացված հանրաքվեն, օրինական ուժ չունենալով, չի կարող հիմք լինել Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի ցանկացած փոփոխության համար: Բանաձևը նաև բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ է անում չճանաչել Ղրիմի կարգավիճակի փոփոխությունը:

 

Հիշեցնենք, որ մարտի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով փակ նիստ է անցկացրել, որի ընթացքում Պան Գի Մունը խոսել է մարտի 20-22-ին Կիև և Մոսկվա կատարած իր այցերի մասին: Նա ասել է, որ երկու քաղաքներում էլ նա կոչ է արել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել: