Չիլիում առափնյա տարածքներից 900 հազար մարդ Է տարհանվել երկրի անվտանգ գոտիներ ցունամիի առաջացման սպառնալիքի պատճառով:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում երկրաշարժից տուժածներին առաջին օգնությունը ցուցաբերելու համար եւ հաշվում են վնասները:
Ինչպես արդեն հաղորդվել Է, առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս երեքը՝ լրջորեն տուժել Չիլիի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով: Զոհվածներից չորսը տղամարդիկ են, մեկը՝ կին:
8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի լույս 2-ի գիշերը Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի ափերի մոտ: Դրանից հետո Հարավային Ամերիկայի ծովափին մոլեգնել է ցունամին, որի ալիքների բարձրությունը առանձին տեղամասերում գերազանցել է երկու մետրը:
Չիլիի նախագահ Միշել Բաչելետը դեկրետ Է ստորագրել երկրի՝ ուժգին երկրաշարժից տուժած հյուսիսային շրջանները աղետի գոտի հայտարարելու մասին եւ հայտնել, որ առաջիկա ժամերին ուղեւորվելու Է այնտեղ: Դեկրետի համաձայն՝ աղետի գոտի են հայտարարվել Արիկա ի Պարինակոտա, ինչպես նաեւ Տարապակա տարածաշրջանները: «Այդ տարածաշրջաններից յուրաքանչյուրում ստեղծվում են արտակարգ կոմիտեներ»,- ասել Է Բաչելետը, նշելով, որ առաջիկա ժամերին իրադարձությունների վայր կմեկնեն նաեւ ներքին գործերի նախարարը եւ զինվորական հրամանատարության ներկայացուցիչները:
Երկրաշարժից հետո Չիլիի իշխանություններն ապրիլի 2-ին չեղյալ են հայտարարել դպրոցական պարապմունքները: «Բնակչության անվտանգությունն ապահովելու համար մենք որոշեցինք չեղյալ հայտարարել ուսումնական բոլոր պարապմունքները առափնյա դպրոցներում», հայտարարել Է ՆԳ նախարար Ռոդրիգո Պենյաիլիլյոն: