Վիրուսային հեպատիտները աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահական առաջնային խնդիրներից են: Հեպատիտի վիրուսներով աշխարհում վարակված է ավելի քան 600 մլն մարդ, նրանցից 400 միլիոնը' հեպատիտ B-ով։ Ստացվում է, որ աշխարհում յուրաքանչյուր 10-րդը վարակված է հեպատիտ հիվանդությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։

 

Նրա խոսքով՝ հեպատիտը համարվում է գլոբալ խնդիր, քանի որ շատ են մահացության դեպքերը։ «Եթե անցյալում հեպատիտի վիրուսը ավելի հաճախ փոխանցվում էր արյան միջոցով, ապա ներկայումս նկատվում է սեռական ուղիներով փոխանցման դեպքերի ակտիվացում, որը հանդիպում է հիմնականում 25-40 տարեկանների մոտ։ Վիրուսային հեպատիտ B-ն ներկայումս համարվում է կառավարելի, քանի որ կանխվում է պատվաստումով, որը կիրառվում է 153 երկրներում, ներառյալ' Հայաստանը։ Հեպտատիտ A-ի եւ B-ի համար առկա են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ C-ի պատվաստանյութերի ստեղծմանն ուղղված աշխատանքները դեռեւս շարունակում են»,-ասաց Ղազինյանը։

 

Նա տեղեկացրեց, որ հեպատիտ B և հեպատիտ C վիրուսները արյունածին են, բազմանում են միայն արյան մեջ, և, բնականաբար, արյունային ցանկացած միջամտություն կարող է դառնալ վիրուսի փոխանցման միջոց: «Բոլոր վիրաբուժական միջամտությունները' ստոմատոլոգիական, գինեկոլոգիական, անգամ' կոսմետիկ և այլն, կարող են պատճառ դառնալ վիրուսի փոխանցման: Կանխարգելման համար պետք է բավականին լուրջ դոնորային հետազոտություն արվի»,- ասաց Ղազինյանը։

 

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդացության ցուցանիշի ընդհանուր կառուցվածքում մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում հեպատիտ A-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ A-ի հիվանդացության նվազեցման միտում. հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով 2008 թվականի 25,7 տոկոսից 2011թ-ին նվազել մինչև 9,1 տոկոսի: Հայաստանում վերջին տարիներին նկատվում է վիրուսային հեպատիտ B-ի հիվադացության նվազեցման միտում. հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008 թվականի 3,4 տոկոսից 2011թ-ին նվազել է' հասն ելով 2,2 տոկոսի: 1999 թվականին պատվաստումների ներդրումից հետո արձանագրվում է հիվանդացության կտրուկ նվազում' հատկապես երեխաների մոտ: