Նախագահական ընտրություններում ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի առաջադրվելու վերաբերյալ այն, ինչ չասաց Կոնգրեսի ղեկավարությունը, արդեն մի քանի օր է համացանցում ասում են ՀԱԿ համակիրները: Նրանք քննադատում են Բագրատյանի առաջադրումը ոչ միայն խոսքերով, այլեւ նկարներով՝ նրա առաջադրումը համարելով ՀՀ նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի «ջրաղացին ջուր լցնել»:

Համացանցում ՀԱԿ համակիրների տարածած ՝ «Իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու Լեւոն-ՏերՊետրոսյան» գրությամբ սովորական նկարներին եկել են փոխարինելու ահա այս նկարները:

Մեջբերենք նաեւ ՀԱԿ համակիրներից Վահե Աղաքարյանի դիտարկումը. «Նախագահական ընտրություններին մասնակցում են երկու թեկնածուներ՝ Սերժ Սարգսյան և Լևոն Տեր-Պետրոսյան: Սերժ Սարգսյանն իր ընտրողների գործը շատ է հեշտացրել և քվեաթերթիկի վրա ներկայացվելու է 7 տարբեր անուններով, իսկ քարոզարշավին էլ՝ 7 տարբեր կերպարներով, սակայն բոլորն էլ իրականում ներկայացնում են այդ նույն Սերժ Սարգսյանին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն, ընդհակառակը, մի փոքր բարդացրել է իր ընտրողների գործը և նրանք պետք է իրենք ավելացնեն ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ անունը քվեաթերթիկի վրա, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի իրական գաղափարակիցների համար նրա անունը գրելը շատ հաճելի գործ և մեծ պատիվ է»:

Aravot.am-ը փորձեց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանից քննադատությունների, շրջանառվող նկարների վերաբերյալ պարզաբանում ստանալ, բայց նրա խոսնակ Կարինե Հարությունյանն ասաց, որ քննադատությունների վերաբերյալ իրենք ասելիք չունեն. «Նկարները տարածելուց համակիրները Հրանտ Բագրատյանի հետ չեն խորհրդակցել, նրանցից էլ հարցրեք, ՀԱԿ համակարգողից հարցրեք: Ասելիք չունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ