Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը համարվող Facebook-ն առաջին անգամ հրապարակել է զեկույց իր էջերում ջնջված հրապարակումների վերաբերյալ: Ըստ այս զեկույցի' Թուրքիայի պահանջով Facebook-ից ջնջվել է 2014 հրապարակում: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, այս ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը սոցցանցը գրաքննող պետությունների շարքում:

 

Զեկույցում նշվում է, որ հրապարակումները հեռացնելու համար ներկայացված պահանջներում առկա էին հետևյալ հիմնավորումները. դրանք պարունակում են վիրավորանք Աթաթուրքի հասցեին կամ սևացնում են թուրքական պետությանը:

 

Ամենաշատը գրաքննող պետությունը, ըստ հրապարակած զեկույցի, Հնդկաստանն է, որի պահանջով հեռացվել է 4765 գրառում: Գերմանիայի պահանջով հեռացվել է 84, Ավստրիայի պահանջով' 78, Ֆրանսիայի պահանջով' 80, Իսրայելի պահանջով' 133, Պակիստանի պահանջով' 168 գրառում: Միացյալ Արաբական Էմիրությունները ջնջել է 12, Իտալիան' 5, Ռուսաստանը' 4, իսկ Բանգլադեշը' 3 գրառում: Զեկույցում նշվում է, որ Հայաստանից ընդամենը մեկ դիմում է եղել, սակայն որևէ հրապարակում չի հեռացվել: