Սիրիայում հունիսի սկզբին կայանալիք նախագահական ընտրությունները կդառնան ժողովրդավարության պարոդիա: Այսպես է արտահայտվել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին Սիրիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, նրա խոսքով, Սիրիայի նախագահական ընտրություններն անօրինական կլինեն թե երկրի ներսում, թե արտասահմանում: Ջեյ Քարնիի կարծիքով, սիրիական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը բանակցությունների միջոցով իշխանափոխության հասնելն է:

 

Նախագահական ընտրությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի փոխնախարար Մարկ Սիմոնդսը հայտարարել է. «Ասադի պլաններն ընտրություններ անցկացնելու վերաբերյալ կարող են միայն նպատակ ունենալ պահպանել նրա բռնապետությունը: Ընտրությունները կանցկացվեն խաղաղ բնակչության վրա համակարգի չդադարող հարձակումներով, միևնույն ժամանակ, երբ հարյուր հազարավոր մարդիկ ապրում են համակարգի շրջափակման տակ ահավոր պայմաններում և վախի միջավայրում, հազարավոր մարդիկ գտնվում են բանտարկության մեջ կամ անհետ կորած են»:

 

Փոխնախարարը Դամասկոսին մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ՝ նշելով, որ միլիոնավոր սիրիացիներ, ովքեր լքել են իրենց տները և այժմ Սիրիայում չեն ապրում, հնարավորություն չեն ունենա մասնակցել նախագահական ընտրություններին:

 

Ավելի վաղ ապրիլի 21-ին Սիրիայի ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 3-ին Սիրիայի ժամանակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը: Նա նաև նշել է, որ երկրի նախագահական ընտրություններում մասնակցել ցանկացող թեկնածուների հայտերը կընդունվեն 10-ը օրվա ընթացքում Բարձրագույն Սահմանադրական դատարանի կողմից ապրիլի 22-ից մինչև մայիսի 1-ը: