Եվրամիությունը պատրաստվում Է Ադրբեջանից «Հարավային փոխադրամիջանցքով» գազի մատակարարման ուղեգիծը, որի վերջնակետը Իտալիայի հարավն Է, երկարացնել դեպի աշխարհամասի խորքը: Այդ մասին ապրիլի 28-ին գրել Է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի մի ներկայացուցչի:
«Գազի հարավային փոխադրամիջանցք» նախագիծը ենթադրում Է մինչեւ 2019 թվականը TANAP-TAP գազատարների համակարգի կառուցումը, որը սկիզբ կառնի Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից եւ Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով, Ալբանիայով կձգվի դեպի Իտալիայի հարավ: Դրանցով պլանավորվում Է 6 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարել Թուրքիային եւ 10 մլրդ խորանարդ մետր՝ Եվրոպային:
Անցյալ տարվա վերջին Էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերն այս նախագծի ներուժը գնահատել Էր Եվրամիության գազի պահանջմունքի 20 տոկոսը, ճիշտ Է՝ հետագա ընդլայնման պայմանով:
2014-2020 թվականների համար հաստատված Է գազատարների կառուցման ծրագիր, այդ թվում՝ Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջեւ, որոնք նույնպես ակնկալում են կասպիական գազ ստանալ: Դրա համար ստեղծվել Է 5,8 մլրդ եվրո ծավալով հատուկ հիմնադրամ: Դա Եվրոպային թույլ կտա ավելացնել գազի մատակարարումներն Ադրբեջանից եւ արտահանում սկսել Թուրքմենստանից ու Իրանից (վերջինիս նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու դեպքում), հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: