Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

«Ազգային ժողովի նախագահի ընտրությունն ավելի շատ վերապահված է մեծամասնությանը: Մեր մասնակցությունն այս քվեարկությանը ձևական է, և մենք չենք մասնակցելու քվեարկությանը՝ ինչպես չենք մասնակցել այս գումարման առաջին նիստին մարմինների ձևավորման քվեարկություններին»,- ասաց նա:

 

Ռուստամյանը տեղեկացրեց, որ իրենց դիրքորոշումն ԱԺ նախագահի ընտրության հարցում հստակ է, իսկ «քառյակը» դեռևս քննարկում է այս հարցում միասնաբար հանդես գալու հարցը:

 

Անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի թեկնածությանը՝ Ռուստամյանը նշեց, որ նա բավականին մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ է, ում հետ իրենք երկար տարիներ աշխատել են: «Էական ինչ-որ փոփոխություն տեղի չի ունենա, սակայն, իմ կարծիքով, Գալուստ Սահակյանը մեզ համար կանխատեսելի անձնավորություն է, ինչը բավականին լավ հիմք է տալիս միասին աշխատելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Գալուստ Սահակյանն ունի զանազան բարդ իրավիճակներում կոմպրոմիսային տարբերակներ գտնելու հատկություն, ինչը շատ կարևոր է:

 

ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը չի մասնակցի նաև ՀԱԿ խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ինքն իրավունք ունի ներկայացնել միայն ՀԱԿ դիրքորոշումը, իսկ թե ինչպիսին կլինի «քառյակի» դիրքորոշումն այս հարցում, Զուրաբյանը չցանկացավ պատասխանել: