Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կենտրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությանը: Այս մասին իր ելույթի ընթացքում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ իրենք ոչինչ չունեն ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանի անձի դեմ, սակայն չեն կարող կողմ լինել նրա թեկնածությանը: «ԲՀԿ-ն չի կարող կողմ քվեարկել Ձեր թեկնածությանը: Մենք չենք մասնակցի ընտրու թյանը»,- ասաց Զոհրաբյանը:

 

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանրության շրջանում բանկային համակարգից դժգոհություններ են առկա: «Չկան գյուղացիական տնտեսություններ, փոքր և միջին ձեռնարկություններ, որ կքած չլինեն վարկերի տակ: Հսկայական թիվ են կազմում մարդիկ, ովքեր, չկարողանալով վճարել վարկերի տոկոսները՝ արտագաղթում են գրավի տակ դնելով տունն ու ունեցվածքը»,- ասաց ԲՀԿ խմբակցութան քարտուղարը:

 

Նա ընդգծեց, որ անընդունելի են Հայաստանում վարկերի աննախադեպ բարձր տոկոսները՝ ընդգծելով, որ Հայաստանի բանկային համակարգը պետք է «իր պորտալարով փոխկապակցված լիներ երկրի տնտեսության հետ»:

 

Ելույթ ունեցավ նաև «Ժառագություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ Կենտրոնական բանկին մեղադրելով քաղաքական դաշտ մտնելու և քաղաքական գործընթացներին մասնակցելու մեջ: Նա ևս տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը՝ հավելելով, որ սա կապ ունի ոչ թե ԿԲ անձնակազմի հետ, այլ համակարգի:

 

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ ԿԲ նախագահի նշանակման հարցը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը: