«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը նոր կառավարության հետ որոշակի հույսեր է կապում: Մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն Անահիտ Բախշյանը նշեց, որ հույսը վերջինն է մեռնում, և ինքն էլ շատերի նման ինչ-որ հույսեր նոր ձևավորված կառավարության հետ կապում է: «Ես հույս ունեմ, որ կառավարությունը որոշակի քայլեր կձեռնարկի հաս արակության վստահությունը շահելու համար»,- ընդգծեց նա:

 

Նա նշեց, որ ինչպես բոլորը, հավատում է, որ կառավարությունը հասարակության շահերից բխող քայլեր կանի՝ իր նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու համար, սակայն ընդգծեց, որ իր հույսերը նոր կառավարությունից, այնուամենայնիվ, այնքան էլ մեծ չեն:

 

Բախշյանն ընդգծեց, որ իր մանկավարժական աշխատանքի տարիների ընթացքում կարողացել է ամենաանհուսալի աշակերտներին օրինակելի, պիտանի մարդ դարձնել հասարակության համար և այսօր հպարտանում է նրանցով: «Նույնն էլ կարելի է ասել կառավարության մասին: Ամենաանհուսալի իրավիճակներից էլ հնարավոր է ելքեր գտնել»,- ասաց նա:

 

Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վերանշանակմանը' Բախշյանը նշեց, որ ինքը դրական վերաբերմունք ունի Արմեն Աշոտյանի նկատմամբ: Նա հիշեցրեց, որ ինքը Աշոտյանի հետ Ազգային ժողովում աշխատել է «Հարակրթության մասին» օրենքի վրա, որի ընթացքում իրենք ահռելի աշխատանք են կատարել միասին: «Հետո պարոն Աշոտյանը գնաց նախարար և բազմիցս փորձեց այդ օրենքը կյանքի կոչել, սակայն դա նրան չհաջողվեց»,- ասաց նա:

 

Բախշյանի խոսքով, Աշոտյանը լավ նախարար է, իսկ եթե կարողանա մի կողմ դնել իր կուսակցական գործունեությունը և կրթության ոլորտը զերծ պահի կուսակցական շահերից, շատ ավելի լավը կլինի: