Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ քաղաքական հասարակության վրա իշխանությունների գնալով մեծացող ճնշումների պատճառով Ուկրաինայի իրադարձությունները կարող են կրկնվել նաեւ այդտեղ: Այս մասին ԱՄՆ դեսպանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:
«Եթե կառավարությունն ավելի կոշտ գիծ անցկացնի քաղաքացիական հասարակության նկատմամբ, ապա Մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել նաեւ Բաքվում: Եթե անգամ ոչ այժմ, ապա 5-10 տարի հետո: Եթե քաղաքացիական հասարակության հնարավորություններն ավելի շատ սահմանափակվեն եւ ոտնահարվեն, ապա դա կմեծացնի նման իրադարձությունների կրկնվելու ռիսկը», -ասել է Մորնինգսթարը:
Բաքվում ԱՄՆ դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետեւում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես' քաղաքական ակտիվիստների ձերբակալություններին: Նա մեկ անգամ եւս հիշեցրել է, որ ԱՄՆ-ը սերտ հարաբերություններ են ստեղծում միայն ժողովրդավարական երկրների հետ:
Դեսպանի խոսքով' Ադրբեջանի կառավարությունը երբեմն ԱՄՆ-ի համար անհասկանալի քայլեր է կատարում: «Նրանք ասում են, որ հարկադրված են ճնշումներ գործադրել քաղաքացիական հասարակության վրա երկրում կայունություն ապահովելու համար: Բայց մենք այլ դիրքորոշում ունենք: Մենք գտնում ենք, որ ինչքան բաց լինի քաղաքացիական հասարակությունը, այնքան ամուր կլինի կայունությունը», -ասել է Բաքվում ԱՄՆ դեսպանը, ում լիազորություններն ավարտվում են երեք ամիս հետո: