ԱՄՆ և ԵԱՀԿ կողմերը ծանոթացել են ականազերծման աշխատանքներին' բարձր գնահատելով դրանց նշանակությունը համայնքների անվտանգության, ինչպես նաև գյուղատնտեսական հնարավորությունների զարգացման համար: Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 31-ին ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի Զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի ծրագրի ղեկավար Էդ Տրիմակասը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ, այցելել են ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և հումանիտար ականազերծման տեղամաս:

 

Աշխատանքներն իրականացվում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա' ԱՄՆ պետդեպարտամենտի համաֆինանսավորմամբ, «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել միջազգային աջակցության տրամադրումը ՀՀ-ում իրականացվող հումանիտար ականազերծման ծրագրերին: