Հնդկաստանի գյուղական շրջանների զարգացման, խմելաջրի եւ սանիտարիայի նախարար Գոպինատհրաո Մունդեն զոհվել է հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ճանապարհային տրանսպորտի, ավտոմոբիլային ճանապարհների եւ բեռնափոխադրումների նախարար Նիտին Գադկարին:
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06:30-ին: Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայան տանող ճանապարհին, որտեղից Մունդեն պետք է մեկներ Մումբայ: Նրա ավտոմեքենան բախվել է մեկ այլ փոխադրամիջոցի: Պատահածի մանրամասները չեն ճշտվում:
Մունդեին տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրան: Գադկարիի խոսքով՝ քաղաքական գործչի «սիրտը կանգ է առել»:
Հնդկաստանի նախարարների նոր կաբինետը երդում էր տվել մայիսի 26-ին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: