Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը հայտարարվել է աղետի գոտի: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման, հանու ն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

 

Հունիսի առաջին օրերից սկսած Հալեպում և մասնավորապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումների կողմից, որոնց կարևոր բաժինը թուրք կամ թուրքամետ արմատական ահաբեկչական խմբերն են, տարբեր տեսակի հրթիռներ և հրասանդներ են տեղացել և կշարունակեն տեղալ խաղաղ բնակչության վրա: Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները մարդկային վնասներից բացի նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Բնակելի շենքեր են փլվել ամբողջովին, որոշները մասամբ են ավերվել: Հարյուրավոր հայ ընտանիքներ ստիպված լքել են իրենց տները: Ոմանք քաղաքից հեռացել և փորձել են ապաստան գտնել ավելի անվտանգ համարվող ծովափնյա Լաթաքիա քաղաքում, ոմանք տեղափոխվել են Հալեպում բնակվող իրենց հարազատների բնակարաններ, ոմանք էլ այլ բնակարան տեղափոխվելու հնարավորություն չունենալով՝ ապաստան են գտել Նոր Գյուղում գտնվող ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահում:

 

Հսկայական վնասներ են կրել Քարեն Յեփփե ազգային վարժարանը, Զավարյան վարժարանը, Ազգային Սահակյան վարժարանը, 3 մանկապարտեզներ՝ Ազգային Հայկազյան, Ազգային Սահակյան, Ազգային Զավարյան, Կաթողիկե համայնքին պատկանող մեկ դպրոց՝ Զվարթնոց վարժարանը, Հայ Առաքելական ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հայ Կաթողիկե ս. Երրորդություն եկեղեցին, «Արևելք» տպարանը, Սիրիահայ Օգնության Խաչի ընկերաբժշկական կենտրոնը, Ազգային պատսպարանը, Երիտասարդական գրախանութը, ազգապատկան «Կիլիկիա»,«Օշական», «Նաիրի», «Արցախ» և «Սիս» բնակարանա յին շենքերը և խանութները:

 

Այսօր մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել: Իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետալի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել ...

 

Հալեպում տեղի ունեցածը գերազանցել է բոլոր ենթադրությունները, և վիճակն այլևս տանելի չէ: Այսիրավիճակում հալեպահայությունն իրեն միայնակ է զգում. կրած փորձանքները արձագանք չեն ունեցել, անհասկանալի և անընդունելի ձևով լուռ են թե՛ պաշտոնական, թե՛ հասարակական կողմերը: