Զինված ընդդիմադիր խմբավորումները հոկտեմբերի 2-ին ռմբակոծել են Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով հրո ճարակ են դարձել 7 բնակարաններ, նաև այլ բնակարաններ մեծ վնասներ են կրել: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Անօթևան մնացած բնակիչներին օգնության են հասել Նոր Գյուղի ակումբի տղաները, որոնց ջանքերով հրդեհը մարել է, և ժողովուրդն անվնաս տեղափոխվել է:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում գազի տակառ էր ընկել Ազգային Զավարյան վարժարանի մերձակայքում, որի հետևանքով զոհվել է արաբ երիտասարդ և վիրավորվել են 2 հայեր՝ Շահե Շահինյանը և Ավետիս Սոլաքյանը:
Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: