Հալեպում վերջին շրջանում թեպետ իրավիճակն ավելի հանգիստ է, այնուամենայնիվ, ռումբերի ձայներ մերթընդմերթ լսելի են տարբեր կողմերից:

 

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը' ավելացնելով, որ նախօրեին Նոր Գյուղ թաղամասում ռումբեր են ընկել, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն գրանցվել: Զինված խմբավորումները փորձել են ներխուժել անվտանգ թաղամասեր, սակայն նրանց փորձերը ձախողվել են:

 

 

Աղբյուրը նաև նշեց, որ քաղաքում շարունակվում է էլեկտրականության և ջրի տագնապը: Գրեթե ողջ քաղաքն այժմ հոսանք ունենալու համար օգտվում է վճարովի էլեկտրածին սարքավորումներից, որոնք բավական թանկ արժեն:

 

 

«Միակ դրական փոփոխությունը Հալեպում զարկերի համեմատական նվազումն է»,- նշեց աղբյուրը:

 

 

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը' զինված խմբավորումների հսկողության տակ: