Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը հուլիսի 8-ին կրկին հրթիռակոծության է ենթարկվել: Գազի տակառների ընկնելու հետևանքով հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Վիրավորները Արփի և Գոհար Կույումջյաններն են, Նվեր Գրտանյանը և Հռիփ Ղազարյանը: Բարեբախտաբար, նրանց վիճակը մտահոգիչ չէ: Ամենամեծ պետությունները որոտացել են Նոր Գյուղի օդային զինուժի կենտրոնի շրջանում, «Կիլիկիա» շենքի դիմաց և «Արևելք» տպարանի մերձակայքում:

 

Ավելի վաղ՝ հուլիսի 3-ին, Նոր Գյուղում գազի տակառի ընկնելու հետևանքով վիրավորվել էին Հարութ Չորպաջյանն ու Դավիթ Մեյխանաջյանը:

 

Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին ոչ բնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետալի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել… Կոչ էր ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: