Հալեպի Սուլեյմանիա շրջանի հայաբնակ Ալքալլաս թաղամասի շենքերից մեկի բնակարանում հունվարի 13-ին հրդեհ է բռնկվել էլեկտրական հոսանքի պատճառով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Շրջանի հայ երիտասարդները շտապել են մա րել կրակը մինչև հրշեջ մեքենաների ժամանումը: Երիտասարդները բնակարանից դուրս են բերել տարեց կնոջ: Դեպքի վայր ժամանած հրշեջ մեքենաներին հաջողվել է մարել հրդեհը:
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն արձանագրվել, սակայն բնակարանն ածխացել է:
Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին Հալեպի հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից Սբ Ռիտա եկեղեցին, որի հետևանքով կառույցը մասամբ ավերվել էր:
2014թ. դեկտեմբերի 30-ին զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության էին ենթարկել Հալեպի զանազան շրջաններ, այդ թվում' հայահոծ թաղամասեր Սուլեյմանիեն եւ Նոր գյուղը: Սուլեյմանիեում ընկած հրթիռի պայթյունի հետեւանքով վիրավորվել էին մի քանի քաղաքացիներ, որոնց թվում' նաև հայորդիներ: