Իրանի հյուսիսում մարդատար գնացքի եւ բեռնատար շարժակազմի բախման հետեւանքով զոհվել է առնվազն տասը մարդ, կան տասնյակ վիրավորներ, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Իրանական Fars գործակալությունը նշում է, որ բախումը հունիսի 5-ին Երեւանի ժամանակով ժամը 23:30-ին տեղի է ունեցել Դանգան կայարանում: Մարդատար գնացքում, որը Մեշհեդ քաղաքից ընթանում էր դեպի Թեհրան, գտնվում էր շուրջ 340 ուղեւոր:
Իշխանությունները չեն բացառում, որ զոհվածների թիվը կաճի: ISNA գործակալության հաղորդման համաձայն՝ տուժածներից չորսն օրհասական վիճակում են:
Վթարի վայրում աշխատում են մասնագետներ: Գնացքների բախման փաստով սկսվել է հետաքննություն, վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն:
Ամենախոշոր երկաթուղային աղետն Իրանում տեղի է ունեցել 2004 թվականին: Այն ժամանակ Նիշափուր քաղաքի շրջանում ռելսերից դուրս էր ընկել վառելիք եւ պարարտանյութեր փոխադրող շարժակազմը, ինչի հետեւանքով զոհվել էր 295 մարդ, եւս ավելի քան 300-ը վերքեր էին ստացել: