Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա զինյալների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, այդ թվում՝ հիվանդներից մեկը եւ հոսպիտալի մի աշխատակից, կան վիրավորներ, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Մարտի 8-ին պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքի հյուսիսում՝ ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու գտնվող զինվորական հոսպիտալի շենքի մոտ, սկսվել է փոխհրաձգություն: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ զինյալներից չորսը ներխուժել են հոսպիտալի շենք, հինգերորդն իրեն պայթեցրել է մուտքի դարպասի մոտ:
Ականատեսի տեղեկատվությամբ, որին հղում է անում Reuters-ը, հարձակվողներից առնվազն մեկը հագել էր բժշկի սպիտակ խալաթ, նա հանել է ԱԿ-47 ինքնաձիգ ու կրակ բացել: Ականատեսը պատմել է, որ հրաձգություն է լսվել նաեւ այլ կետերում: Պաժվակ գործակալությունը փոխանցում է, որ հարձակման ընթացքում զինյալները եղել են սպիտակ խալաթներով: Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: