Առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս երեքը՝ լրջորեն տուժել Չիլիի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյայլիլյոն: Նա նշել է, որ զոհվածներից չորսը տղամարդիկ են, մեկը՝ կին:

 

8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի լույս 2-ի գիշերը Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի ափերի մոտ: Դրանից հետո Հարավային Ամերիկայի ծովափին մոլեգնել է ցունամին, որի ալիքների բարձրությունը առանձին տեղամասերում գերազանցել է երկու մետրը:

 

Ավելի վաղ իշխանությունները բնակչության տարհանում էին հայտարարել Չիլիի եւ Պերուի մի շարք ափամերձ շրջաններում: Արիկա քաղաքում տարհանումը դժվարացել է ավտոմեքենաների հսկայական քանակության պատճառով, որոնք լքում էին քաղաքը եւ խցանումներ առաջացնում ճանապարհներին: Չիլիի համանուն նահանգում տեղի են ունեցել էլեկտրականության մատակարարման անջատումներ, սողանքներ եւ ոչ մեծ ավերածություններ:

 

Երկրաշարժից հետո կալանավորների զանգվածային փախուստ է տեղի ունեցել Չիլիի Իկիկե քաղաքի կանանց բանտից: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:

 

ՆԳՆ-ի տվյալներով՝ բանտից փախել է ավելի քան 300 կալանավոր: Առայժմ իշխանություններին հաջողվել է բռնել միայն 16 հանցագործի: Նախնական տվյալներով՝ ուղղիչ հիմնարկության շենքի մի մասը փլվել է ստորգետնյա ցնցման հետեւանքով, ինչը եւ հնարավոր է դարձրել զանգվածային փախուստը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: