Թաիլանդի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կա մեկ զոհ եւ տասնյակ վիրավորներ: Այդ մասին հայտնել են Չիանգրայի նահանգի իշխանությունները, որին բաժին է ընկել տարերքի հիմնական հատվածը:

 

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,0: Դրա էպիկենտրոնը գտնվում էր Չիանգրայ քաղաքից՝ համանուն նահանգի վարչական կենտրոնից, 27 կիլոմետր հեռավորության վրա: Թաիլանդի արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման կենտրոնի տվյալներով՝ արդեն գրանցվել են հարյուրից ավելի հետցնցումներ:

 

Երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող բնակելի շենքերի պատերին գոյացել են ճեղքվածքներ: Վնասվել են բուդդայական մի քանի տաճարներ: Աղետի շրջանում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը եւ շարժական կապի կայանները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ -ը: