Առնվազն երեք մարդ է տուժել օգոստոսի 9-ի առավոտյան Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Երեք գյուղացիներ են հոսպիտալացվել այն բանից հետո, երբ նրանց տունը փլվել է ուժգին ցնցումներից: Այլ տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:

6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 07:27-ին (Երեւանի ժամանակով ժամը 3:27-ին) տեղի է ունեցել Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Բորո-Թալա-Մոնղոլյան գավառում:

Մեկ այլ երկրաշարժ՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել օգոստոսի 8-ին տեղական ժամանակով ժամը 21:19-ին Սիչուանի նահանգի Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար շրջանում: Դրանից հետո գրանցվել են շուրջ 770 հետցնցումներ: Ըստ վերջին տվյալների՝ երկրաշաժի զոհ է դարձել 13 մարդ, տուժել է 175 հոգի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: