Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն ու ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ծրագրային գծով փոխտնօրեն Ջեյմս Բախը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր' 3 տարի ժամկետով:
«ԱՄՆ-ի խաղաղության կորպուսի հետ համագործակցության մեջ մենք հատկապես կարևորում ենք կամավորական աշխատանքների կազմակերպումը: Կամավորական աշխատանքի միջոցով հնարավորություն ենք ունենում… հարստացնելու երիտասարդ սերնդի գիտելիքները: Նպատակ ունենք էլ ավելի ամրապնդելու համակողմանի համագործակցությունը»,-ողջունելով ներկաներին ասաց Արսեն Քարամյանը: Վերջինս հույս հայտնեց, որ բացի բովանդակային աճին, կլինի նաև ծավալային և որակական աճ:
Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ծրագրային գծով փոխտնօրեն Ջեյմս Բախը մեծ պատիվ համարեց աշխատել Հայաստանում: «Խաղաղության կորպուսի հիմնական նպատակն է կամուրջ կապել այս երկու մշակույթների միջև, կարողանալ մասնագիտական գիտելիքները փոխանցել և ծանոթանալ միմյանց մշակույթին: Այս պահի դրությամբ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ունենք 30 ամերիկացի կամավորներ, ովքեր աշխատում են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի դրական փոփոխություն մտցնեն երիտասարդների մեջ և խթանեն կամավորությամբ աշխատելու ցանկությանը»-փաստեց Բախը:
Ստորագրելով հուշագիր' կողմերը համաձայնվել են համագործակցելու Հայաստանում երիտասարդության զարգաման ոլորտում մի շարք ուղղություններով: Դրանցից է, օրինակ, Հայաստանում երիտասարդության շրջանակներում կամավորության զարգացումը: Կողմերը կապահովեն մարզային կենտրոնների կառավարման խորհուրդներում իրենց ներկայացուցիչների ներգրավումը և մասնակությունը հետագա աշխատանքներին և այլն:
Խաղաղության կորպուսը Հայաստանում աշխատանքներ է ծավալում ավելի քան 22 տարի: