
ԵԱՀԿ-ն պատրաստ է մասնակցել Ուկրաինայի արևելքում գործող աշխարհազորայինների և Կիևի իշխանությունների միջև բանակցություններին: Այդ մասին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտնել է Ռուսաստանի Ռոստովի մարզում ուկրաինացի փախստականների հետ հունիսի 12-ին կայացած հանդիպմանը:
«Մենք կվերահսկենք այդ գործընթացը, կհետևենք ու կմասնակցենք դրան»,- ասել է Զանիերը' պատասխանելով փախստականներից մեկի այն հարցին, թե ով երաշխիքներ կտա, որ իրենց չեն գնդակահարի, եթե իրենք վայր դնեն զենքը:
Զանիերի խոսքով՝ Ուկրաինայում հանգիստ կյանքի վերադառնալու համար զինադադար է անհրաժեշտ:
«ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները գտնվում են տարբեր երկրներում: Մենք հնարավոր ամեն բան անում ենք այդ հակամարտությունը լուծելու համար»,- ասել է Զանիերը:
Նա նշել է, որ ներկայումս ԵԱՀԿ-ի դիտորդները նաև դառնում են իրադրության պատանդները: Մասնավորապես, գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն իր երկու խմբերի հետ կորցրել է կապը Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: