Եվրահանձնաժողովը ԵՄ-ի գազի հարցերի Համակարգող խմբի արտակարգ հանդիպում է գումարում Եվրահանձնաժողովի միջնորդությամբ գազի շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների ձախողման կապակցությամբ: Այդ մասին հունիսի 16-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է եվրոպական հաստատություններից մեկի մի աղբյուր:

 

«Գազպրոմը» հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից սահմանել է «Նաֆտոգազ Ուկրաինիի» համար գազի մատակարարումների կանխավճարի ռեժիմ: «Որոշումն ընդունվել է «Նաֆտոգազ Ուկրաինիի» խորոնիկական չվճարումների պատճառով: Մատակարարված ռուսական գազի դիմաց ընկերության ժամկետանց պարտքը կազմում է 4,458 միլիարդ դոլար. 1,451 միլիարդ դոլարը՝ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի համար և 3,007 միլիարդ դոլարը' 2014 թվականի ապրիլ-մայիսի համար»,- ասված է ռուսական հոլդինգի հաղորդագրության մեջ:

 

Հունիսի 12-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ ռուսական հոլդինգը պետք է պարտքի մարման հաշվին Ուկրաինայի «Նավֆտոգազ» պետական ընկերությունից ստանա 1,95 միլիարդ դոլար մինչև հունիսի 16-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ը, հակառակ դեպքում Ուկրաինային գազի մատակարարումների նկատմամբ կսահմանվի կանխավճարի ռեժիմ: Հունիսի 14-ին և 15-ին կայացած բանակցությունների արդյունքում այս դիրքորոշումը մնացել է անփոփոխ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: